Կալասար բերդի ավերակներ

Կալասարի բերդը, որը ներկայումս ավերակ վիճակում է, գտնվում է Հերմոն գյուղի արևմտյան կողմում, հանդիպակաց լեռան ` Կալասարի գագաթին: Բերդի պատերի մի մասը հեռադիտակով կարելի է տեսնել «ԼուսիՏուր»-ի տարածքից: Ուղևորվելով «ԼուսիՏուր»-ի մուտքից դեպի աջ` կհասնեք գյուղապետարան, ապա աջ թեքվող երկրորդ խճապատ ճանապարհով և դեպի արևմուտք սարն ի վեր բարձրացող ոլորաններով կարող եք ուղղվել դեպի բերդին մոտ գտնվող Կալասար գյուղի ավերակներ: Կարող եք ընտրել ավեիլ կարճ ճանապարհ, եթե քայլեք «ԼուսիՏուր»-ի բացօթյա սրճարանի հետնամասից սկսվող հողաշեն արահետով և կհասնեք մի ճանապարհի, որը նույնպես տանում է Կալասար գյուղատեղ: Այս գյուղի տարածքում կա խմելու ջրի աղբյուր: Աղբյուրի մոտից կա երկու տարբերակ բերդի ավերակներին հասնելու համար: Առաջին դեպքում` ոչ անտառապատ մասով բարձրացեք դեպի ձախ, բայց պատրաստ եղեք մագլցել ժայռերով: Երկրորդ դեպքում` անցեք անտառի միջով, որը երբեմն խիտ ու դժվարանցանելի է: Անտառը ավարտվելուն պես` լեռան գագաթի մոտակայքում տեսանելի են դառնում քարակույտեր և բերդի պաշտպանական կառույցների որոշ մնացորդներ: Ենթադրվում է, որ այս բերդը Սմբատաբերդից ավելի հին է, որի մասին է վկայում պահպանված պատերի մեջ շաղախի բացակայությունը: Բերդի ամենաբարձր կետն ունի 360 աստիճանի տեսադաշտ: Նախկինում այս վերելքը կատարողներին բազմաթիվ անգամ հանդիպել են քարայծերի, արջերի և այլ կենդանիների ներկայության հետքեր: Քանի որ դեպի բերդի ավերակներ տանող ուղին պարզ արտահայտված չէ, ուստի խորհուրդ է տրվում դիմել մեր ուղեկցորդներից մեկի օգնությանը:

*Տևողությունը` 4,5 ժամ: Հեռավորությունը` 2.1կմ:
*Տեխնիկական դժվարությունը` 3/5:
*Ֆիզիկական դժվարությունը` 4/5:
*Ելակետ` «ԼուսիՏուր». N 39*52.776, E 045*25.946; 1712մ բարձրություն: *Վերջնակետ` Կալասար բերդի ավերակներ. N 39*53.206, E 045*24.889; 2102 մ բարձրություն: