Թռչունների Արենի-1 քարանձավ

 

Գտնվում Է Արփա գետի վտակ Գնիշիկի գետաբերանի հատվածում` Արփայի հունից մոտ 30մ բարձրության վրա: Մուտքը մասամբ ծածկված է խոշոր քարաբեկորներով: Քարանձավն իրենից ներկայացնում է մի քանի խոռոչների համալիր, որոնց գումարային երկարությունը կազմում է մոտ 250մ:

Այն դասվում է կլաստոկարստային քարանձավների դասին, քանի որ ձևավորվել է կրաքարային կոնգլոմերատների մեջ: Թռչունների քարանձավում սկսած 2007 թվականից իրականացվում են հնագիտական պեղումներ: Արդյունքում` անձավամերձ հարթակում, մուտքի մոտ և քարանձավի ներսում պեղվել են մ. թ.ա. 4200-3500 թթ. թվագրված բազմաթիվ գտածոներ`բուսական մնացորդներ, ամանեղեն, խաղողի, ծիրանի կորիզներ, եղեգից պատրաստված գործվածքներ, կանացի գանգեր, մումիֆիկացված այծի մարմնի մաս և այլն: Այս քարանձավում են հայտնաբերվել աշխարհում ամենահինը համարվող կաշվե կոշիկը և գինու ստացման համալիրը: Հայտնաբերված կոշիկը օվալաձև է և կարված է կովի կաշվի ամբողջական կտորից: Հետևի և առջևի մասերում այն քուղերով կապվել է ոտքին: Կոշիկի երկարությունը 24,5սմ է /համապատասխանում է ներկայիս 37 համարին/: Ռադիոածխածնային անալիզի արդյունքների համաձայն` կոշիկը 5637-5387 տարեկան է: Այն այժմ ցուցադրվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում: Քարանձավում հայտնաբերվել է նաև 6000 տարվա հնություն ունեցող խաղող ճզմելու տարա, թթվեցման կուժեր և գավաթներ: ՈՒսումնասիրությունները պարզել են, որ երկրագնդի վրա բացի Արենիից չկա մի կետ, որտեղ հայտնաբերվել է գինու ստացման այսպիսի համալիր: Պեղումները քարանձավում շարունակվում են: