Եղեգիս

Եղեգիսը Վայոց ձորի նշանավոր բնակավայրերից մեկն է հանդիսացել: Այն գտնվում էր ներկայիս Եղեգիս գյուղի տեղում և նրա շրջակայքում` ձգվելով Եղեգիս գետի աջակողմյան հովտով մոտ 4 կմ երկարությամբ: Մինչև օրս էլ այդ ավերակներում զանազանվում են փողոցների, պատերի և շինությունների մնացորդները:

Բնակավայրի հիմնադրման ժամանակը հայտնի չէ. պատմագրության մեջ հիշատակվում է 9-րդ դարից սկսած: 9-րդ դարի առաջին քառորդում Սյունիքի Վասակյան տոհմի գահերեց իշխաններն իրենց նստավայրը, որը գտնվում էր Ծղուկ գավառի Շաղաթ ավանում, տեղափոխում են Վայոց ձորի Եղեգիս ավանը և հաստատվում այնտեղ: Կարճ ժամանակում ավանը բարեկարգվում և վերածվում է գյուղաքաղաքի: Սակայն շատ չանցած` 10-րդ դարի սկզբին Եղեգիսը ավերվում է արաբական արշավանքների հետեվանքով: 12-րդ դարում այն նորից ավերվում է` այս անգամ արդեն սելջուկ-թուրքերի ասպատակումների պատճառով: 13-րդ դարի առաջին քառորդում Օրբելյանները դարձան Սյունիքի տերերը, և Եղեգիսը դարձրեցին իրենց վարչական կենտրոնը: 13-14-րդ դարերը Վայոց ձորի համար տնտեսության և մշակույթի զարգացման ժամանակաշրջան են հանդիսանում. բարեկարգվում է Եղեգիսը, կառուցվում են վանքեր, եկեղեցիներ, պալատներ և այլ շենքեր: Հենց այդ ժամանակաշրջանում է, որ Եղեգիսը անվանվում է “քաղաք”: Եղեգիսը չկորցրեց իր նշանակությունը նաև այն ժամանակ, երբ Օրբելյաններն իրենց հիմնական նստավայրը դարձրին Արփան /Արենին/: Ցածրադիր ու շոգ Արփայից Օրբելյաններն ամռան ամիսներին տեղափոխվում էին Եղեգիս: Որոշ հետազոտողներ գտնում են, որ 16-րդ դարի երկրորդ կեսին և 17-րդ դարի կեսերին Եղեգիսը նորից է ենթարկվում ավերումների, որի հետևանքով 19-րդ դարի սկզբներին երբեմնի ծաղկուն բնակավայրում ապրում էր ընդամենը մի քանի տասնյակ մարդ: Ներկայումս գյուղում բնակվում է 500 մարդ:

Եղեգիսի տարածքում հայտնի են բնության և մշակույթի բազմաթիվ հուշարձաններ: Այստեղ է գտնվում Հայաստանի տարածքի ամենխորը գետահովիտը` Եղեգիսի կիրճը` 1200 մ խորությամբ: Եղեգիսի կիրճի հենց այս հատվածում են գտնվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպող ամենախոշոր դելյուվիալ արտածման կոները: Վերջիններս տեղադըրված են Թեքսարի հյուսիսային լանջերի ստորոտում: Թեքսարի հյուսիսային լանջը համարյա զուրկ է մշտական ջրհոսքերից և մասնատված է հեղեղատներով և ձորակներով, որոնցով հողմնահարված ապարների բեկորները ծանրության ուժի ազդեցությամբ գլորվում են ցած: Դրանք լեռնաշղթայի ստորոտին գոյացրել են հզոր դելյուվիալ արտածման կոներ, որոնք իրար միանալով` ձևավորել են դելյուվիալ շլեյֆ, կազմված խոշոր քարաբեկորներից և խճից: