Գողթանիկի քարանձավ և ջրվեժ

Գողթանիկի քարանձավ և ջրվեժ ուղևորվելու համար, «ԼուսիՏուր»-ի մուտքից թեքվեք դեպի աջ, անցեք մոտ 200 մ, Հերմոն գյուղի կամրջին չհասած ուղևորվեք դեպի ձախ: Եղեգիս գետի հոսանքին հակառակ շարժվեք մոտ 2.1կմ և աջ մասում կտեսնեք գետը հատող կամուրջ: Ձախ մասում 85մ հարաբերական բարձրության վրա քարանձավն է, որն ունի 5 խորշ, որոնցից ամենամեծի խորությունը մոտ 9 մետր է: Քարանձավի բարձրունքից բացվում է հրաշագեղ տեսարան` Եղեգիս գետի հովիտը: Քարանձավի տարածքում նկատվում են քարայծերի, արծիվների և այլ կենդանիների ու թռչունների ներկայության հետքեր: Մասնագետների կարծիքով հին ժամանակներում քարանձավը բնակեցված է եղել: Առայժմ հետազոտություններ և պեղումներ չեն կատարվել:
Քարանձավից իջնելուց հետո, գետի հոսանքին հակառակ ճանապարհով անցեք ևս 1.3կմ և կհասնեք Գողթանիկի ջրվեժին: Ջրվեժ չհասած, մոտ 120մ հեռավորության վրա, 2012թ. օգոստոսի դրությամբ, ընթանում է հիդրոէլեկտրակայանի շինարարություն: Ջրվեժին մոտենալու համար իջեք արահետով սարն ի վար, անցեք գետի ափի նեղ արահետով: Ջրվեժի բարձրությունը մոտ 12մ է, որի ավազանում հնարավոր է լողալ:

*Տևողությունը` 4 ժամ: Ընդհանուր հեռավորությունը` 3.8կմ:
*Տեխնիկական դժվարությունը` 3/5, քարակույտերի մագլցում, ցածր ու խիտ թփուտ:
*Ֆիզիկական դժվարությունը` 3/5, կարճ, գրեթե ուղղաձիգ:
*Սկզբնակետ` «ԼուսիՏուր». N 39*52.776, E 045*25.946; 1712 մ բարձրություն:
*Քարանձավ` N 39*52.752, E 045*27.120; 1823մ բարձրություն:
*Վերջնակետ` Գողթանիկի ջրվեժ` N 39*52.704, E 045*27. 848; 1753մ բարձրություն: