Գլաձոր-Հերմոնավանք

Գլաձորի համալսարան

Վայոց Ձորում 1280-1340 թթ. գործել է Գլաձորի համալսարանը: Այն հիմնադրվել է Պռոշյանների օրոք: Համալսարանն իր բնույթով և առարկայական հիմնական ցուցանիշներով լիովին համապատասխանել է ժամանակի եվրոպական համալսարաններին: 14-15 դդ. այստեղ են գործել նաև Հերմոնի, Բոլորաբերդի, Հերհերի, Եղեգիսի, Վերին Նորավանքի, Ցախացքարի, 17-րդ դարում՝ Շատին վանքի դպրոցը և այլն:

Այս ուսումնական հաստատություններում են դասավանդել և սովորել այդ ժամանակաշրջանի գիտության և մշակույթի հարյուրավոր նշանավոր գործիչներ, որոնց թվում Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Ստեփանոս Օրբելյանը, Տիրատուր Կիլիկեցին, Հովհաննես Երզնկացին, Թորոս Տարոնեցին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և շատ ուրիշներ: Ուսումնական հաստատություններից բացի, Վայոց Ձորում գործել են շուրջ 20 գրչության օջախներ, որոնցում գրված ձեռագրերի միայն մի մասն է հասել մեզ: Դրանցից մի քանիսը պահվում են աշխարհի շատ թանգարաններում /Լոնդոնի բրիտանական թանգարան, Փարիզի ազգային գրադարան և այլն/՝ հանդիսանալով եզակի նմուշներ: Վայոց Ձորի գրչության օջախներում ընդօրինակած և նկարազարդած ձեռագրերը աչքի են ընկնում իրենց գեղարվեստական բարձր ճաշակով: Այդ ժամանակաշրջանի գրչության նշանավոր կենտրոններ են եղել Գլաձորի համալսարանը, Հերմոնի վանքը, Եղեգիսի, Վերին Նորավանքի, Արատեսի մենաստանը, Նորավանքի, Երերանի, Բոլորաբերդի, Շատի վանքի և այլ գրչության օջախներ, որտեղ գործել են նշանավոր գրիչներ Տիրատուր Կիլիկեցին, Եսայի Նչեցին, Մոմիկը, Թորոս Տարոնացին, Ավագը և ուրիշներ:

Հերմոնավանք

Գտնվում է ներկայիս Հերմոն գյուղից մոտ 2 կմ հարավ-արևմուտք, Եղեգիս գետի աջ ափին: Վանքն իր անունը ստացել է առաջին վանահոր՝ Ահերմոնի /Հերմոնի/ անունից: Վանքը հայտնի է նաև Կնեվանք անունով, որը ժամանակավոր այստեղ բնավորված թուրքերը աղավաղել էին` Գյունեյվանքի: Համալիրից պահպանվել են բազիլիկ եկեղեցին, պարիսպները և այլ շինություններ՝ ավերակների տեսքով: Վանքը 936 թ. հիմնադրել է Սյունաց Սմբատ իշխանը: Համալիրի առաջին՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, եղել է գմբեթավոր: Հետագայում վանքի համալիրը լրացվել է նոր եկեղեցիներով և այլ շինություններով: Մինչև 13-րդ դարը այստեղ կառուցվում են Սբ. Հակոբ, Սբ. Ստեփանոս, Սբ. Սահակ և այլ եկեղեցիներ, որոնք 16-րդ դարում հիմնովին ավերվել էին: Դրանց ավերակների վրա, նույն եկեղեցիների քարերով 17 դ. կառուցվել է սբ. Գրիգոր եկեղեցին: Զ Հերմոնի վանքը միջնադարյան Հայաստանի մշակույթի հայտնի կենտրոններից է եղել: Հերմոնի վանքի մշակութային ծաղկման շրջանը վերաբերում է 14-15-րդ դարերին, երբ 1338թ. Գլաձորի համալսարանի գործունեության խափանումից հետո այստեղ է հաստատվում Եսայի Նչեցու աշակերտ և օգնական Տիրատուր վարդապետը և հիմք դնում մի նոր դպրոցի, որը դառնում է փաստորեն Գլաձորի մշակութային գործի շարունակողը Վայոց Ձորում։Այս դպրոցը իր գործունեությունը շարունակեց մինչև 15-րդ դարի վերջերը։