Արատեսի վանք

Գտնվում է Արատես գյուղում: Գյուղի և վանքի մասին պատմական տեղեկությունները հասնում են 9-րդ դար, բայց դրանք գոյություն են ունեցել դեռ 7-րդ դարում: Տարսաիճ իշխանը Արատես գյուղը և վանքը նվիրել է Ամաղու Նորավանքին, որպես ամառանոց նրա բարձրաստիճան հոգևորականության համար:

Արատեսի վանքի գլխավոր եկեղեցին գմբեթավոր է, քառանկյունի հատակագծով: Արևելյան կողմից ունի կիսակլոր աբսիդ, որի երկու կողմերում գտնվող խորաններն արևելյան ծայրում ունեն կիսակլոր, փոքրիկ աբսիդներ: Հուշարձանի կառուցման ժամանակը ստույգ հայտնի չէ, բայց վերանորոգվել է 1270 թվականին: Այժմ ավերակ վիճակում է, ամբողջապես քանդված է ծածկը գմբեթի հետ միասին, պատերի վերին մասերը և հարավային պատի մեջտեղի մասը: Երկրորդ եկեղեցին կոչվում է սբ.Աստվածածին և գտնվում է խմբի հյուսիսային կողմում: Հիմնադրման ժամանակը հայտնի չէ: Ըստ ուսումնասիրությունների` եկեղեցին հիմնվել է մինչև 7-րդ դարը և վերանորոգումների է ենթարկվել միջին դարերում: Արևմտյան պատի վրա փորված խաչերից մեկն ունի 1216 թվագրությունը: Հուշարձանն ավերակ վիճակում է. փլված են պատերի վերին մասերը և ամբողջ ծածկը: